Վայոց Ձորի մարզում` Նորավանք տանող ճանապարհին, ժայռերի մեջ 1720 մետր երկարությամբ մի ուրիշ աշխարհ է թաքնված։ Մագելանի քարանձավն է` աշխարհում կլաստոկարստային տեսակի քարանձավների շարքում երկարությամբ 15-րդը։
Ի՞նչ կապ ունի Մագելանը վայոցձորյան քարանձավի հետ
Այս Մագելանը Ֆերնան չէ, Առաքելյան է, բայց նա էլ է սեր ունեցել երկար ճանապարհների հետ։ Եվ այսպես, 1946 թվականին Արենի գյուղի 19-ամյա բնակիչ Մագելան Առաքելյանը որսի ժամանակ բեզոարյան այծին հետապնդելով` գալիս ու հասնում է անծանոթ քարանձավ։ Սողեսող մուտք է գործում, բայց շատ առաջ գնալ չի կարողանում։ Որոշում է հետ դառնալ` մտքում պահելով քարանձավի տեղն ու սպասելով ավելի հարմար օրվա։ Հարմար օրն արդեն 1980-ին է գալիս, երբ Էդվարդ Սարգսյանը մի խումբ ալպինիստների հետ գալիս է Հայաստանում քարանձավներով ամենահարուստ մարզ` Վայոց Ձոր։
Արենիում հանդիպում է Մագելանին, որն էլ առաջարկում է յուրահատուկ քարանձավ ցույց տալ։ Թերահավատությամբ, բայց համաձայնում են, ու նրանց առջև բացվում է այս հրաշքը։ Այս ամբողջ պատմությունը մեզ ներկայացնում է Վիկտորյա Առաքելյանը` Մագելանի քարանձավի գիդ–էքսկուրսավարը, որը հենց Մագելանի եղբոր թոռնուհին է։
Վիկտորյա Առաքելյան
© Sputnik / Aram Nersesyan
1980-ականներն ու Մագելանի քարանձավի «ոդիսականը»
1981 թվականն էր։ Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Եղեգնաձորի երեք քարանձավները, այսպես ասած, տուրիստական շրջանառության մեջ դնել։ Խոսքը Արջի, Մոզրովի և Մագելանի քարանձավների մասին էր։ Քանի որ Նորավանքի ճանապարհն արդեն որոշել էին կառուցել, որոշեցին առաջնահերթությունը տալ հենց Մագելանի քարանձավին։ Փնտրում էին մասնագետների` ուսումնասիրություններ անելու, քարանձավը էքսկուրսիոն այցելությունների համար պատրաստելու համար։ Այդ ժամանակ էլ հրավիրեցին երիտասարդ քարանձավագետ Սմբատ Դավթյանին։
Սմբատ Դավթյան
© Sputnik / Zara Mika
«1983–ին անցանք գործի, երկրաբանական, օդերևութաբանական հետազոտություններ էինք արել։ Իրականում այն, ինչ 40 տարի առաջ կար, այսօրվանից քիչ է տարբերվում, ուղղակի այն ժամանակ ավելի ֆանտաստիկ բաների մասին էինք խոսում»,– պատմում է Դավթյանը։
Այդպես 1985-ին քարանձավում ուսումնասիրություններն ավարտվեցին, մեկ տարի անց աշխատանքների նախագիծը պատրաստ էր։ Հետո դժվար շրջան սկսվեց` 88-ի երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ և այլն։ Բնականաբար, այս պայմաններում նախագծի ֆինանսավորում չեղավ։ Արցախյան առաջին պատերազմից հետո դիմեցին նախարարություն, ստացան պատասխան` իսկ փող ունե՞ք։ Որոշեցին գնալ, գումար վաստակել, ապա նորից վերադառնալ հարցին։
Բայց անգամ գումարով վերադառնալուց հետո նախագիծը կյանքի կոչել չհաջողվեց։ Տարիներ շարունակ Դավթյանն ու այլ մասնագետներ դիմում էին կառավարությանը` Մագելանի քարանձավը վարձակալությամբ հանձնելու համար։ Երկար պայքարից հետո 2017-ին մրցույթ անցկացվեց, որում հաղթեց «Ինկար» ՍՊԸ–ն։ Մագելանի քարանձավը վարձակալության հանձնվեց 25 տարի ժամկետով։ Բարեկարգման աշխատանքներից հետո 2020 թվականին ցանկանում էին արդեն քարանձավը բացել զբոսաշրջային այցելությունների համար, սակայն կրկին աշխարհն ու երկիրը խառնվեցին` կորոնավիրուսի համավարակ, պատերազմ։ Ի վերջո` 2023–ի ապրիլին, քարանձավի, այսպես ասած, շնորհանդեսն էր։
Մագելանի քարանձավի մուտքը
© Sputnik / Aram Nersesyan
Ի դեպ, այսօր աշխարհի մոտ 150 երկրներում ավելի քան 1400 էքկուրսիոն քարանձավներ կան, որոնք տարեկան գրեթե 120 միլիոն այցելու են ընդունում։ Մագելանը հավակնում է դառնալու հայաստանյան զբոսաշրջային հետաքրքիր գրավչություններից մեկը, ընդ որում` ամբողջ տարվա ընթացքում։
Ինչի՞ համար գնալ ու հասնել Մագելանի քարանձավ
Քարանձավ մուտք գործելու համար նախ պետք է «զինվել» պաշտպանիչ սաղավարտով։ Ներս մտնելիս բաճկոն է պետք հագնել, անգամ եթե դրսում ջերմաստիճանը +40-ին մոտ է։ Տարվա ամբողջ ընթացքում քարանձավի ջերմաստիճանը կայուն է՝ 7-8 աստիճան, տեղ-տեղ էլ սառը քամին է սողոսկում։
Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանը պատրաստվում է մտնել Մագելանի քարանձավ
© Sputnik / Aram Nersesyan
Քայլելով կարելի է անցնել քարանձավի մոտ 350 մետրը։ Սովորաբար էքսկուրսիան մոտ 30-35 րոպե է տևում։
Զբոսաշրջիկները Մագելանի քարանձավում
© Sputnik / Aram Nersesyan
Մագելանի քարանձավում նաև «վայրի» տուրեր են կազմակերպվում. լույսերն անջատվում են, էքստրեմալ տուրիզմի սիրահարները հատուկ մարզված ուղեկցողների հետ քարանձավ են մտնում ու սողեսող շարժվում այնպիսի անցուղիներով, որտեղ առաստաղի բարձրությունը 40 սմ-ն չի գերազանցում։ Ներսում խորհրդավոր գեղեցկություններ կան, որոնք առավել տպավորիչ են դառնում էքսկուրսավարի ուղեկցող պատմությունների հետ։
Մագելանի քարանձավը
© Sputnik / Aram Nersesyan
«Հաճախ հյուրերը գալիս են, ասում են՝ այստեղ ոսկի կա՞։ Ասում ենք՝ քարանձավը տեղով ոսկի է, իսկ ոսկի չկա, որովհետև քարանձավն ավելի հին է, քան ոսկին»,- ասում է Վիկտորյան։
Միլիոնավոր տարիներ առաջ քարանձավը երկրաբանական փոփոփոխությունների է ենթարկվել, մեկ եղել է ջրի տակ, մեկ՝ ցամաքում։ 25-30 միլիոն տարի առաջ վերջնական ցամաքել է, դրա արդյունքում բեկորատումներ են եղել։
Քարանձավում նաև բազմաթիվ հետաքրքիր լեգենդներ կպատմեն։
Ստալակտիտներ. «Ջրահարսի վարսեր» կոչվող մասը
© Sputnik / Aram Nersesyan
Օրինակ՝ նկարում հիմա տեսնում եք «Ջրահարսի վարսեր» կոչվող մասը։ Լեգենդի համաձայն՝ միլիոնավոր տարիներ առաջ, երբ տարածքը ջրի տակ էր, այստեղ ապրել են ջրահարսներ, տարբեր մոգական էակներ։ Տղամարդկանց քաղցր կյանք խոստանալով` ջրահարսները նրանց ծովի հատակն են քարշ տվել։ Գյուղացիները սկսել են անհանգստանալ։ Գնացել, բողոքել են ծովի աստծուն։ Նա սկզբում նախազգուշացրել է ջրահարսներին, բայց նրանք շարունակել են իրենց «սև գործը»։ Երկրորդ անգամ աստված ութոտնուկների է ուղարկել, որ խանգարեն ջրահարսներին, բայց նրանք սկսել են համագործակցել։ Ծովի աստվածը զայրացել է ու պատժել նրանց՝ քարացնելով։
Եթե ուշադիր զննեք քարանձավի այս պատը, ապա քարացած ութոտնուկին էլ կտեսնեք, ջրահարսների վարսերն էլ։
Քարանձավը տարիների շարունակ շրջակայքում ապրողների համար ծառայել է որպես ապաստարան։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ մինչև 19-րդ դարն այստեղ մարդիկ են ապրել, դրա ապացույցն են նաև տարածքից գտնված խեցեղենի բեկորները, աղեղի կտորը, որը հիմա Հայաստանի պատմության թանգարանում է։
Ստալակտիտներ Մագելանի քարանձավում
© Sputnik / Aram Nersesyan
Քարանձավից գտնվել են նաև ոսկորներ, բայց, ըստ էության, այստեղ հնագիտական պեղումներ դեռ չեն կատարվել, ուստի ցնցող բացահայտումները դեռ առջևում են։
Մագելանի քարանձավից գտնված ոսկորները
© Sputnik / Aram Nersesyan
Քարանձավի երկարությունը 1720 մետր է։ Չի բացառվում, որ նոր ուսումնասիրության դեպքում պարզվի, որ սա վերջը չէ։