ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։
Նարեկ Մալյանին ձերբակալեցին Չաուշեսկուի գնդակահարությունը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակեցին:
Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվեց ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Դրանից հետո հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր դեմ հարուցված 6 քրգործ կա, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։
Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։