Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորներից մեկը աղիներում 300.000 դոլարի կոկաին տեսակի թմրամիջոց է տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է` ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ հնարավոր է` Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Հայաստան ժամանած տղամարդը կոկաին է տեղափոխում։
«Բրազիլիայի քաղաքացի Լ․Պ.-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անձնական մաքսային տեսազննման է ենթարկվել։ Արդյունքում նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՊԵԿ աշխատակիցների կողմից տղամարդն օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն: Անյտեղ համակարգչային շերտագրման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ։ Դրանք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում»,– ասված է հաղորդագրությունում:
Լ.Պ–ի աղիքից հանվել է կոկաինի նմանվող 120 օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ` 300.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով։
Կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, որը հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այնտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիալայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: