Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է որպես արցախցի ռեփեր Լյոկա, մինչև 44–օրյա պատերազմը շատ հայտնի էր Արցախում, իսկ պատերազմից հետո հայտնի դարձավ նաև Հայաստանում։ Նա խոստովանում է, որ պատերազմից հետո դժվարությամբ է բեմ բարձրանում, իսկ իր «Տուն տարեք» երգը (այնտեղ երգիչն իր պատմությունն էր պատմում, բայց տունը կորցրած մարդիկ այն իրենց վերագրեցին ու մարգարեական համարեցին) այլևս չի սիրում։
Ռեփերը պատմեց, որ հաճախ մարդիկ մոտենում են ու շնորհակալություն հայտնում իր երգերի համար, իսկ ինքը չգիտի` ինչպես պատասխանել նրանց, քանզի հասկանում է, որ նրանց ծանր ապրումներ է պատճառում։
«Ես չէի ուզենա ցավեցնել մարդկանց։ Կան շատ մարդիկ, որոնք լսում ու վերապրում են ցավը...մենք այնքան ցավ ենք տեսնում, որ չէի ուզի նորից խոսել դրա մասին։ Ինձ համար ծանր է, վատ եմ զգում ինձ», – ասաց նա։
Այս համատեքստում Լյոկան նկատեց, որ վերջերս իրեն էլ են հուզել։ Վերջին համերգերից մեկի ժամանակ հանդիսատեսը սկսել է միաձայն երգել իր երգերը, իսկ հետո «Արցախ» վանկարկել։
«Այդպիսի բան միայն «Յութուբում» էի տեսել։ Միաժամանակ հպարտություն, ուրախություն, պատասխանատվություն զգացի, որ ինձ Արցախի հետ են ասոցացնում»,– նկատեց երգիչը։
Լյոկան պատմեց, որ աշխատում է նոր ալբոմի վրա, որը կոչվում է «Կյանք»։
Այն բաղկացած է լինելու հինգ երգից, որոնք պատմելու են մի մարդու կյանքը։ Բոլոր երգերը նոր են լինելու։ Ալբոմը սկսվելու է օրորոցայինով ու ավարտվելու է զավակներին ուղղված նամակով։ Ռեփերը նոր կոնցեպտ է մտածել ու փորձել մարդկանց մոտ ապրելու ցանկություն ու պայքարելու ուժ առաջացնել։
«Ես հիմնականում խոսում եմ տաբուների մասին։ Քչերը կասեն, որ փոքր ժամանակ սոված են մնացել, երկու տարեկանից վիրավոր են եղել...Մարդիկ վախենում են, որ դիմացինը կարող է դա ծաղրի առարկա դարձնել», - նշեց ռեփերը։
Նա պատմեց, թե ինչպես է ինքը երեխա ժամանակ բուլինգի ենթարկվել, ինչ դժվարություններ են եղել ու ինչպես է դրանք հաղթահարել։
Լյոկան պատմեց նաև իր առաջին երգի, եղբոր հետ դուետի, Սևակ Խանաղյանի հետ համագործակցության և այլ թեմաների շուրջ։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`