ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառում է կատարել հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ կայացած հանդիպումից հետո։
«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով հունիսի 28-ին ՊԲ չորս զինծառայող է զոհվել։ Միրզոյանը շեշտել է, որ նման քայլերը միտված են խաթարելու բանակցային գործընթացը։ Նա ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը։ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև, որ Լաչինի միջանցքը մինչ օրս ապօրինի շրջափակված է, որի հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Նա շեշտել է, որ այս ամենը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:
Նշենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։