ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ժամանակ Ծառուկյանի ու դատախազ Դավիթ Աղաջանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։
Նիստն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ։
Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող լսումների վերաբերյալ։
«Դատախազի խոսքը լսելիս ես ուղղակի ամաչում եմ, որ 100-ից ավելի քննիչ մի 1000-2000 հոգու են քննել տանել–փակելով, որին` երկու ամիս, որին` մեկ ամիս... Թող հարգելի դատախազը թեկուզ մեկ օրինակ բերի, որ էդքանից մեկն ասած լինի` Ծառուկյանը գումար է տվել, որ տանեմ կաշառք տամ։ Ծառուկյանն ո՞ւմ է փող տվել»,– դիմելով դատախազին` հարցրեց Ծառուկյանը։
Աղաջանյանն իր հերթին դիմեց դատավորին, որ դատարանը մեղադրյալին զսպվածության, համապատասխան վարքագծի կոչ անի մեղադրյալին։
Ծառուկյանը բարկացավ. «Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես»,– ասաց նա դատախազին։
Դատախազի և Ծառուկյանի միջև կարճ լեզվակռիվ սկսվեց։ Դրանից հետո դատավորը կողմերին կոչ արեց զուսպ արտահայտվել, անձնական դաշտ չմտնել։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։