ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից։
««Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին» 31-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում»,-նշել է մամուլի ծառայությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել է։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աշոտյանը խոչընդոտել է քրեական վարույթին։ Մասնավորապես, նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մերձավորների միջոցով առաջարկել և փորձել է հարցաքննության ուղարկել իր ընտրած փաստաբաններին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու հարցաքննությունների բովանդակությանը՝ իր հետագա գործողությունները ծրագրելու նպատակով։
Նշենք, որ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորում էր բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։