Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Երասխում գործարանը կառուցվում է ամերիկյան կազմակերպության ֆինանսավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին