Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս մասին վկայող տեսանյութ է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը։ Տեսանյութում երևում է` ինչպես են ադրբեջանցիները վերամբարձ կռունկով արգելապատնեշները տեղադրում ճանապարհին։
Նշվում է, որ ադրբեջանական հերթական այս սադրանքը տեղի է ունեցել հունիսի 22-ին։
«Փաստորեն, բացի անցակետի ապօրինի տեղադրումից և զրահատեխնիկայի տեղադրման միջոցով ճանապարհը փակելուց, Ադրբեջանն այժմ ցուցադրաբար արգելափակում է ճանապարհը՝ խոչընդոտելով ցանկացած երթևեկության, այդ թվում՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների համար»,– ասվում է տեսանյութին կից:
Շեշտվում է, որ սա հերթական անգամ բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների հանցավոր նպատակները, այն է` արտաքին աշխարհից լիովին մեկուսացնել Արցախի ժողովրդին, բռնաճնշումներ կիրառել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։
Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: