Հայաստան մուտք գործած բեռնատարում մեծ քանակի չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել. ՊԵԿ

Բեռնատարներում եղել են մեծ քանակի հագուստ, կոշիկ, ճամպրուկներ, կոկոսի մանրաթելից քաթան։
Sputnik
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետում Ղրղզստանում հաշվառված երկու բեռնատարներում ՊԵԿ ծառայողները չհայտարարագրված ապրանք են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մի բեռնատարում հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:
«Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 13 296 կգ»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Մյուս բեռնատարի զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Բացի այդ, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ ապրանքի փաստացի քաշը կազմել է 572 կգ։
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ապրանքները հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են և կայանվել Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում։
Մաքսային պահեստում մեքենաների կուտակում կա. ՊԵԿ-ը թանկացնում է վարձավճարները