ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների քանակով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով` 2020-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 128 հայցադիմում, որից 395 149-ը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին:
«Ստացվում է` գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում գրեթե 90 տոկոսը։ Այսինքն` մեր դատարանները 90 տոկոսով ծանրաբեռնված են գործերով, որոնք իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա վեճեր են։ Դատավորն ուղղակի վերցնում, պայմանագիրը նայում է և վճիռ կայացնում»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այդ որոշումները հիմնականում չեն էլ բողոքարկվում, ինչը վկայում է, որ դատական կարգով դրանք լուծելը ինքնանպատակ է։
Դատարանները բեռնաթափելու համար նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է հեղինակել, որի ընդունմամբ` գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձնեն նոտարների քննությանը։ Նախատեսվում է սահմանել հստակ չափանիշներ, թե որ գործերն են ենթակա նոտարի քննությանը:
Օրինակ` գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննությունը ենթակա կլինի նոտարին, եթե դիմումով նեկայացվել է միայն գումարի բռնագանձման պահանջ, իսկ ոչ դրամական բնույթի պահանջները ենթակա չեն լինի քննության նոտարի կողմից։
Բռնագանձման ենթակա գումարի չափը չի կարող գերազանցել 200 000–ը (ներառյալ տուժանքը (տուգանքը, տույժը), տոկոսները և այլ վճարները)։ Նոտարին դիմում կարող են ներկայացնել նաև բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Ընդ որում, նոտարները հնարավորություն են ունենալու դիմումներն ստանալ, գործերը քննել ու որոշում կայացնել առցանց, հեռավար կարգով։
Արդարադատության նախարարի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունը 80 տոկոսով կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը։