Սյունիքի մարզում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։Պատահարի հետևանքով վարորդը տեղում է մահացել, մարմնական վնասվածքներով տեղափոխված 36-ամյա ուղևորը` Կապանի ԲԿ–ում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։
Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի վայրը
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։