ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ուկրաինայի դատարանը կալանավորել է NICMAS մեքենաշինական կոնցեռնի սեփականատեր Գրիգորի Դաշուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական УНН գործակալությանը։
Ըստ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի` նախկին պատգամավորի և կոնցեռնի ղեկավարի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ առանց գրավ մուծելու իրավունքի: Գերատեսչությունը կալանավորվածի անունը չի նշել, սակայն УНН-ըհայտնում է, որ խոսքը Դաշուտինի մասին է:
Հետաքննությունների պետական բյուրոն հայտնել է, որ կալանավորվել են նաև կոնցեռնի վեց գլխավոր մենեջերները։ Նրանց ազգանունները չեն նշվում։
NICMAS-ի սեփականատիրոջ ձերբակալության մասին լուրը հրապարակվել էր հունիսի 8-ին։ Այն ժամանակ ՀՊԲ-ն հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ին կոնցեռնը ՌԴ-ին ավելի քան 160 մլն գրիվնայի (4,4 մլն դոլար) բաղադրիչներ է մատակարարել` բարձր արդյունավետություն ունեցող հանգույցներ, ագրեգատներ, օդամղիչ սարքավորումների մասեր, մասնավորապես՝ կոմպրեսորներ և կոմպրեսորային սարքեր: Այդ սարքավորումները, ՀՊԲ-ի պնդմամբ, օգտագործվել են ռուսական ռազմարդյունաբերության մեջ։