Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենապարուհի Տաթևիկ Բոլշիկյանին բալետ տարավ գեղասահքի հանդեպ մեծ սերը։
Սակայն Հայաստանում գեսասահքը զարգացած չէր, անգամ դպրոց չկար, և մայրիկի հորդորով նա սկսեց բալետի հաճախել։ Ժամանակի ընթացքում սիրեց այն, կրթություն ստացավ Ռուսաստանում ու այսօր առանց բալետի իր կյանքը չի պատկերացնում։
Տաթևիկը պարում է հայկական բալետի ամենապահանջված ներկայացումներում` «Սպարտակ», «Գայանե», «Ժիզել», «Դիմակահանդես», «Դոն Կիխոտ» և այլն։ Ըստ նրա` ավելացել է ոչ միայն խաղացանկը, այլև ուշադրությունը բալետի հանդեպ։
«Հանդիսատեսն էլ ավելի շատ է թատրոն գալիս, չնայած գերակշիռ մասը ռուսներ են։ Նրանք ավելի շատ են ձգտում դասական արվեստին։ Ինձ պատմեցին, որ անգամ արտիստներին են ճանաչում, սյուժեին են ծանոթ և այլն», – նշեց նա։
Ի պատասխան այն հարցի, թե ինչու Հայաստանում բալետային պարողները «աստղեր» չեն դառնում, նա նկատեց, որ արդեն աշխարհի գրեթե բոլոր թատրոններում անփոխարելիներ չկան։ Կառավարիչները փորձում են հիմնական մենակատարներին համարժեք փոխարինողներ ունենալ ու ռիսկերը նվազեցնել։
«Մեզ մոտ բալետը նոր է հանրայնանում։ Վերջերս մեծ ուշադրության արժանացավ «Սպարտակը», իսկ մենակատար Ռուբեն Մուրադյանը դարձավ աստղ», – նշեց նա։
Պարուհին նկատեց, որ հայկական բալետում, ինչպես բոլոր ոլորտներում, ինտրիգներ կան, բայց շատ չեն։
Մրցակցությունը պարողների մեջ մեծ է, սակայն գործը դեռ չի հասել ասեղների ու ապակու կտորների պուանտներում, ինչպես պատմում են այլ երկրների բալետի պարուհիները։
«Մեզ մոտ իրար վնասելը խոսքով է լինում», - վստահեցրեց պարուհին։
Նա նաև պատմեց, թե ինչ երաժշտություն է սիրում, ինչպես է հանգստանում ու ինչից է էսթետիկ հաճույք ստանում։
Բոլշիկյանը խոսել է նաև բալետի պարուհիների սննդակարգի, ոտնաթաթերի խնամքի, ինչպես նաև այն միֆերի մասին, թե շպագատները վնասում են կուսությունն ու վերարտադրողական առողջությունը։ Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`