ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։ Տեղեկանում ենք դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
«Դատախազության կողմից պահանջ է ներկայացվել դատարանին Վերմիշյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն 150 հազար դրամ։ Եվ 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,–ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։