ՀՀ–ից Ավստրալիա առաքվող գրքերի մեջ 1,5 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. ՊԵԿ

ՀՀ–ից Ավստրալիա առաքվող գրքերի մեջ 1,5 կգ թմրամիջոց է հայտնաբերվել
Sputnik
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված 2 գիրք` 1,5 կգ քաշով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ հիշյալ առաքանին ուղարկել է ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն)։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։