Նախնական տվյալներով` Կախովկայի ՀԷԿ–ի փլուզումից ու Նովայա Կախովկայի շրջանում ափամերձ գոտու հեղեղումից հետո 7 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Այժմ տեղեկություն ենք ճշտում կորածների վերաբերյալ, սակայն, նախնական, այդ մարդիկ ևս տարհանվել են ջրհեղեղի գոտուց։ Այնտեղ հովիվներ են եղել։ Մոտ 7 մարդ, ում մասին հստակ գիտենք», – ասել է նա։
Լեոնտևի խոսքով` մինչ այժմ ջրի մակարդակը հեղեղման գոտում «բավական զգալի է» և օպերատիվ շտաբի ներկայացուցիչները` ԱԻՆ ու քաղաքային վարչակազմի աշխատակիցները, շարունակում են տուժածների որոնումն այդ տարածքներում։
Հունիսի 6-ի լույս գիշերը գնդակոծությունների հետևանքով Կախովկայի ՀԷԿ–ի վերին հատվածը փլուզվել է, ամբարտակը չի վնասվել։ Ենթադրաբար, ՀԷԿ–ին ուկրաինացի զինվորականների կողմից հասցված հարվածն իրականացվել է «Օլխա» ՀԿՌՀ–ից։ Ջրի չկառավարվող բացթողում կա։ Բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն դեռ չկա։
Իշխանությունների տվյալներով` մոտ 600 տուն է ջրի տակ անցել։ ՀԷԿ–ի շրջանում ջրի մակարդակն առավելագույնս կարող է հասնել 12.5 մետրի։
Կախովկայի ՀԷԿ–ը Դնեպրովյան ՀԷԿ–երի կասկադի 6-րդ աստիճանն է (ստորին և վերջին)։ Այն գտնվում է Նովայա Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։