Ալավերդի քաղաքում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել

Արխիվային լուսանկար
Չնայած բեռատար գնացքի մեքենավարը նկատել է քաղաքացուն և միացրել ազդանշանի շչակը՝ 31–ամյա տղամարդը չի հասցրել գնացքի գծից դուրս գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, հունիսի 3–ին` ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է։

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է»,–գրում է կայքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, նույն տեղում 34-ամյա կին էր ընկել գնացքի տակ ու մահացել։
Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել էր, որ 2023 թվականին երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թիվն աճել է, սակայն թվային տվյալներ չէր հայտնել։
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ
2022 թվականին երկաթուղում գրանցվել է 12 պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում գնացքների երթևեկությունը, արագությունն ու քաշը զգալիորեն աճել են։ Ներկայում որոշ մարդատար գնացքների արագությունը մերձքաղաքային երթևեկում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքները տեղափոխում են մինչև 4500 տոննա քաշով բեռ, այդ պատճառով արգելակման ուղին դարձել է մոտ 500 մետր։