Թուրքիայի խորհրդարանում կայացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Երդման արարողությունից առաջ Էրդողանին փոխանցվեց Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին բարձրագույն ընտրական խորհրդի արձանագրությունը։ Այն հանձնեց «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար և ամենատարեց պատգամավոր Դևլեթ Բահչելին:
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Նշենք, որ 69-ամյա Էրդողանն արդեն երրորդ անգամ է ընտրվում Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարում է 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Մինչ այդ` 2003-2014թթ., Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ` 1994-1998թթ., եղել է Ստամբուլի քաղաքապետը։
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-16-ը Թուրքիայում թուրք զինվորականների մի մասը պետական հեղաշրջման փորձ կատարեց, որը հաջողությամբ չպսակվեց: Հեղաշրջման փորձի ընթացքում Էրդողանը Մարմարիսում հազիվ փրկվեց մահից։ Ապստամբները գրոհեցին այն հյուրանոցը, որտեղ Էրդողանն էր։ Գրոհից կարճ ժամանակ առաջ նա մեկնել էր Ստամբուլ։ Այդ գրոհի ժամանակ մահացան նրա երկու թիկնապահները: Ապստամբության ընթացքում մահացավ ընդհանուր առմամբ 238 մարդ։