Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հունիսի 1-ին «չդադարող կրակի տակ է». կենտրոնն ու ծայրամասերը հրետակոծել են «Գրադ»-ից: Նախնական տվյալներով՝ տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Արկերը հարվածել են երկու վարչական շենքի։ Մեկում բռնկվել է տանիքը, մյուսում բեկորները կոտրել են պատուհանները, ճաքել է ճակատամասը։ Արձանագրվել է ուղիղ հարված մասնավոր բնակելի շենքի, այն նույնպես բռնկվել է։ Բնակչությունից բազմաթիվ ահազանգեր են ստացվում պատուհանների և պատշգամբների վնասման մասին, տեղ-տեղ արկերը ծակել են պատերը։
Շեբեկինո քաղաքում և շրջակա գյուղերում վարչակազմը զբաղվում է մարդկանց դուրսբերման կազմակերպմամբ և հերքել է շտապ տարհանման մասին տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը «Ռոսիա 24»-ի եթերում հայտնել է, որ քաղաքում Շեբեկինոյի բնակիչների համար ժամանակավոր տեղակայման վեց կետ է բացվել:
«Կառավարության որոշմամբ` միայն Բելգորոդ քաղաքում տեղակայվել է վեց ժամանակավոր տեղակայման կետ, ամենամեծն այստեղ է կազմակերպվել՝ Արենայում («Բելգորոդ-Արենա» մարզադաշտում)։ Այսօրվա դրությամբ այնտեղ կարող է 1250 մարդ տեղավորվել»,-ասել է Դեմիդովը։
Նրա խոսքով ՝ Բելգորոդում ընդունել են Շեբեկինոյի 517 բնակչի, որոնցից 87-ը երեխաներ են։ Ավելի քան 100 մարդ սպասում է գրանցման:
Ավելի վաղ Դեմիդովը հայտնել էր, որ ժամանակավոր տեղակայման կետերը սկսել են փախստականների ընդունելությունը:
Այնտեղ գոտիներ են նախատեսված երեխաներով ընտանիքների, ցածր շարժունակություն ունեցող մարդկանց համար, գործում է մոր և մանկան սենյակ: Քաղաքապետը խոստացել է նաև, որ տաք սնունդ կկազմակերպվի։