Մեղրին ու Այրումը կապող երկաթուղու բոլոր հնարավոր գծերն անցնում են Ադրբեջանով. Փաշինյան

Երկաթգիծ
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծումն այն ժամանակ, երբ տեսնի, որ դա տարածաշրջանի խաղաղության և փոխշահավետության ֆոն է ստեղծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանն այս փուլում պատրաստ է կրկին վերսկսել Ադրբեջանի հետ համատեղ երկաթուղու կառուցումը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի հյուսիսային մասը հարավային մասին կապող երկաթուղին ամեն դեպքում պետք է անցի Ադրբեջանի տարածքով։
«Մեղրին ու Այրումն իրար կապող բոլոր հնարավոր երկաթուղու գծերը անցնում են Ադրբեջանի տարածքով, և հետևաբար ինչ ճանապարհով էլ մենք Մեղրին կապենք Երասխի հետ, նույն սկզբունքով Հորադիզը կկապվի Օրդուբադի հետ»,– հայտարարեց նա։
ՀՀ վարչապետը հավելեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիանների առանձին օրակարգ գոյություն չունի։ Դա հարց է, որ քննարկվում է տարածաշրջանային կոմունիկացիանների բացման շրջանակում։
«Մենք պարտավորվել ենք փոխադարձաբար բացել տարածաշրջանային կոմունիկացիանները և մենք պատրաստ ենք դրան։ ՀՀ –ն պատրաստ է այդ հաղորդակցությունը ապահովել»,– հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքների կառուցման խոսակցություններին ու հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել դա։

«Իսկ ո՞ր դեպքում կհամաձայնի ՀՀ–ն դիտարկել այդ հարցը... Երբ տեսնի, որ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում, ու ՀՀ–ն դրանով հաղթահարում է շրջափակումը»,– հայտարարեց վարչապետը։ Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ այդ ճանապարհները պետք է գործեն Հայաստանի և Ադրբջանի սուվերենության և իրավազորության ներքո։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. Լավրով
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ տրանսպորտային ուղի է կառուցվելու Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։