ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ ազգային ժողովում առաջացած վիճաբանությունից և իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո ստեղծված լարված իրավիճակը շարունակվեց նաև խորհրդարանի միջանցքում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն իրեն դուրս հանած անվտանգության աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե ինչու են իրեն ու մյուս ընդդիմադիր գործընկերներին դուրս հանում, իսկ այն պատգամավորին, որի խոսքերի պատճառով ինքը բորբոքվեց, թողնում նիստերի դահլիճում։
«Հլը էդ բեղավոր բիձուն նայի (նկատի ուներ ՊՔ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին,- խմբ․), ինձ ասում ա՝ վեր ընկի տեղդ։ Դե գնացեք, իրեն էլ ասեք, ինչի՞ չեք հանում դահլիճից»,- բարկացած ասում էր Սարգսյանը։
Այս խոսքերից հետո էլ քաշքշուկ եղավ ընդդիմության պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։
Հիշեցնենք` ամեն ինչ սկսվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ կապված քննարկման ժամանակ, երբ Սարգսյանը մեղադրանքներ էր հնչեցրել դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին։