Ստեղծված իրողությունից շեղելու համար շինծու դատավարություններ են ընթանում. Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան
Պատգամավորի խոսքով` առաջիկայում, երբ դատարաններն ազատվեն իշխանական կապանքներից, կպարզվի, որ մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով ընթանում են մի քանի շինծու դատավարություններ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով` այդ դատավարություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներով։
«Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերն իրականում նպատակ ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որ տեղի է ունենում այնտեղ, որ բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե մասնագիտական, թե բարոյական մակարդակը»,– նշեց Սեյրան Օհանյանը` ակնարկելով երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը։
Օհանյանը նաև խոսեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի դեմ հարուցված քրեական հետապնդման մասին` այն շինծու անվանելով։
«Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննարկող մարմիններ, որոնք շտապում են կալանքի միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և կա այն կատարողը։ Երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի»,– հայտարարեց Օհանյանը։
Նրա խոսքով` երբ հաջողվի հեռացնել այս իշխանություններին և կապանքներից ազատել դատարանները, այդ ժամանակ կբացահայտվի, որ շատերին մեր երկրում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։
Լրջագույն այլընտրանք կա. Վարդան Օսկանյանը` Փաշինյանի հայտարարության մասին