Գայանե Հակոբյանի աջակիցները փակեցին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները

Զոհված զինծառայողներից մեկի հայրը խնդրանքով դիմեց քաղաքացիներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ քաղաքացիների հետ փակեցին Հանրապետության հրապարակ տանող Ամիրյան, Նալբանդյան փողոցները, Տիգրան Մեծի պողոտան՝ ի նշան զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոքի։
Նրանք այսօր որոշեցին բողոքի ակցիա իրականացնել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատավոր Ժորա Չիչոյանը ՀՀ վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց միացած քաղաքացիները երթով անցան Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մոտով և խնդրանքով դիմեցին դեսպաններին, որպեսզի արձագանքեն զոհված զինծառայողի մոր կալանավորմանը։ Քիչ առաջ նստացույց հայտարարեցին կառավարության շենքի մոտ։
«Եթե Նիկոլի կնոջ համար իր Աշոտը թանկ է, Գայանեի համար էլ թանկ էր իր Ժորան, որի կյանքը նա նվիրեց, որ Աշոտը այսօր հանգիստ քայլի մեր աչքի առջև։ Խնդրանք քաղաքացիներին՝ ովքեր կարող են, թող գան, կանգնեն մեր կողքին»,-ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը։
Հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը, որը նույնպես մասնակցում է ակցիային, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ–ում ամեն օր ոտնահարվում է օրենքը։
«Փոխանակ հիմա պատասխան տան բոլոր այն մարդիկ, որոնք ամեն օր ոտնահարում են ՀՀ բոլոր օրենքները, մեր ինքնիշխան տարածքը հանձնում են թշնամուն, ձերբակալում են մի կնոջ, որը գուցե հոգեբանական ճնշում է գործադրել, բայց ինքը հերոսի մայր է»,-ասաց նա։
Դիլբարյանի խոսքով` այն փաստը, որ զոհվածի մոր նկատմամբ այլ խափանման միջոց չեն ընտրել, օրինակ` չբացակայելու ստորագրություն կամ տնային կալանք, այլ ձերբակալել են, խոսում է այն մասին, որ իշխանությունը վախենում է ըմբոստացողներից։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։