«Ապրելու երկիր» կուսակցությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը

Մանե Թանդիլյան
Կուսակցությունը պահանջում է, որ Երևան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը ՀՀ կառավարության դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից, հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝ անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի»,– գրել է նա։
Նշենք, որ հայցը վերաբերում է կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին:
Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։
Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ քաղաքապետի հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, չի արվել, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել մինչև հերթական ընտրությունները՝ օգտագործելով քաղաքապետարանի գործունեությունը որպես քարոզարշավ։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 17-ին։