ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվս մեկ զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցներից։ Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և լուսանկարները, գերատեսչությունից կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:
Ավելի վաղ հայտնել էինք մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը նվազել է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։