Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել նաև Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վերին Շորժա. Արխիվային լուսանկար
Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Ժամը 22:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ:
Հայտնել էինք, որ հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր։
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։ Ժամը 21։00–ից ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ հակառակորդի կրակի ինտենսիվությունը նվազել է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։