Բաքվի սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացը. Միրզոյանը` Կռավինյուին

ՀՀ արտգործնախարարը պորտուգալացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը։ Այս մասին պորտուգալացի գործընկերոջ` Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողություններին։

Մայիսի 11–ին` ժամը 06:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Բացի այդ, ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:
«Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,– ասված է հաղորդագրությունում։
Արարատ Միրզոյանը Գոմըշ Կռավինյուի հետ զրույցում շեշտել է` Ադրբեջանի գործողությունները նաև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Իսկ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։