ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. 64-ամյա մի տղամարդ ձերբակալվել ու ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Մայիսի 5-ի երեկոյան ստացվել է նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ:
Պատանին հայտնաբերվել է Այթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում եղել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին:
Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաև պապը։ Վերջինս խոստովանել է, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը տեղ հասցնել:
Նա ոստիկաններին հայտնել է, որ թմրամիջոցի հումք կանեփը քաղել է վայրաճ թփերից` իր օգտագործման համար:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: