Հուսադրող լուրեր Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` իրենք շարունակում են աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ձգտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»,– նշել է Կլաարը` մեկնաբանելով Վաշինգտոնում Միրզոյան–Բայրամով բանակցությունները։
Նա հավելել է, որ առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղություն հասնելու համար»,– նշել է Կլաարը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։