ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Տարբեր էթնիկ խմբերի բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս–արևելքում գտնվող Մանիպուր նահանգում։ Տեղեկությունը հայտնում են հնդկական լրատվամիջոցները։
Պաշտոնական տվյալներով` բախումների հետևանքով 54 մարդ է մահացել, ևս 150–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է շուրջ 100 զոհի և 200 տուժածի մասին։
Նշենք, որ զանգվածային բախումներ են տեղի ունեցել կուկի և մեյթհեյ ցեղախմբերի միջև։ Պատճառը եղել է այն, որ մեյթհեյ ցեղի ներգաղթյալները Մանիպուրում պահանջել են գրանցված կաստայի կարգավիճակ ստանալ, որը կաստայի անդամներին արտոնություններ է տալիս, այդ թվում՝ պետական հաստատությունում կամ ձեռնարկությունում աշխատանքի անցնելիս, բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելիս և այլն։ Այս պահանջը դուր չի եկել նահանգի բնիկ բնակչությանը` կուկիներին, որոնք այն համարել են ոտնձգություն իրենց իրավունքների դեմ: Մայիսի 3-ին կուկիներն անցկացրել են «Ցեղային համերաշխության երթ»՝ ի նշան բողոքի։ Երթից հետո նահանգում զանգվածային բախումներ են սկսվել։
Նահանգի իշխանությունները ստիպված են եղել ոստիկանական և զինվորական լրացուցիչ ուժեր ներգրավել։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները բախումների շրջաններից տարհանել են մոտ 13 հազար մարդու:
ԶԼՄ–ները հայտնում են, որ բախումներից հետո նահանգում աստիճանաբար վերականգնվում է բնականոն կյանքը, խանութներն ու շուկաները վերաբացվել են։