ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիան հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմի» դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:
«Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել, որ «Ռոսատոմը» հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները երկկողմ գործակցության համատեքստում քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը