ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն ուրախ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։
Նա նշել է, որ բանակցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու համար են։
«Պետքարտուղար Բլինկենը պատիվ ունեցավ ողջունել արտաքին գործերի նախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա գտնվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում լիագումար նիստի բացմանը: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է»,– ասել է Պատելը։
Նա շեշտել է, որ պետքարտուղար Բլինկենը խորապես ներգրավված է այս գործում։ Պատելը խոսել է նաև ավագ համակարգող Բոնոյի ակտիվ մասնակցության մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին, քանի որ հավատում է` այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: