Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում, հայտնում են ֆեդերացիայից:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:
Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դարձավ եռակի ոսկե մեդալակիր
© Photo : Facebook
Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր:
Մեր մարզիկը ոսկե մեդալ նվաճեց և նաև հռչակվեց աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:
Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):
Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դարձավ եռակի ոսկե մեդալակիր
© Photo : Facebook
Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ոսկե մեդալներ էր նվաճել նաև աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերում՝ Կոտբուսում և Դոհայում:
Եգիպտոսում ավարտված աշխարհի գավաթի վերջին փուլում արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիրներ՝ Հարություն Մերդինյան (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյան (օղակներ):