ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ից հացահատիկային գործարքի «ճանապարհային քարտեզ» է ստացել, որում ենթադրվում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռուսական ագրոարտադրանքի դիմաց վճարելու հարցում։ Այս մասին TRT Haber-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Գլխավոր քարտուղարը հանդես է եկել «ճանապարհային քարտեզի» («հացահատիկային գործարքի» երկարաձգման) վերաբերյալ նախաձեռնությամբ, այն ուղարկվել է Ռուսաստանին և Ուկրաինային։ «Ճանապարհային քարտեզով» նմանատիպ նամակ է ստացել նաև պարոն նախագահը (Էրդողանը. խմբ.)։ «Ճանապարհային քարտեզը» ենթադրում է հացահատիկային գործարքի երկարաձգման տարբեր առաջարկներ, այդ թվում՝ Օդեսայի նավահանգստից ռուսական ամոնիակի արտահանում և վճարման հարցում Թուրքիայի հետ համագործակցություն», - ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անկարային առաջարկել է դիտարկել թուրքական բանկերի միջնորդության հնարավորությունը ռուսական ագրոարտադրանքի շուկա դուրս գալու հետ կապված իրավիճակի լուծման հարցում, նրանք պետք է համապատասխան երաշխիքներ ստանան:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։