Դերձակ Ժենյա Վարդանյանը, որն առավել հայտնի է որպես Jenny Aser, արդեն 12 տարի հագուստ է կարում և ունի բազմաթիվ ճանաչված հաճախորդներ։
Նրա կարած զգեստներից հագել են երգչուհիներ Իվետա Մուկուչյանն ու Բրյունետը (որը, ի դեպ, այս տարի կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում), հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը և այլք։
«Աստղերի հետ աշխատելը տարբերվում է, որովհետև իրենք տարբեր են թե՛ մտածելակերպով, թե՛ ցանկություններով։ Ցանկությունները կարճ ժամանակում հաճախակի փոխվում են, բայց փորձում ենք գրագետ լուծումներ տալ», - ընդգծեց նա։
Ժենյան պատմում է, որ միշտ երազել է հայտնի դառնալ այդ ոլորտում և առաջին քայլն արել է կարել չիմանալով։
«16 տարեկան էի ու դեռ չգիտեի կարել, բայց ներկայացնում էի, թե լավ եմ աշխատում, որպեսզի կարողանամ պատվերներ վերցնել ու սովորել։ Այդ աշխատանքը վերցրեցի, բայց քանի որ չէի կարողանա կատարել, վճարեցի այլ դերձակի, և նա կարեց ինձ պատվիրված զգեստը», - պատմեց նա։
Այդ դեպքից տարիներ են անցել, Ժենյան հասցրել է բազմաթիվ դասընթացներ անցնել, փորձ ձեռք բերել ու այժմ մեծ թիմ է ղեկավարում։ Ասում է` այս տարիների ընթացքում փոխվել են և՛ մարդկանց նախասիրությունները, և՛ շուկան։ Կտորներ գտնելու խնդիր գրեթե չի առաջանում, սակայն ակտուալ է մնում կադրային հարցը։
«Գրագետ դերձակ լինելու հնարավորություն չկա Հայաստանում, քանի որ մասնագիտացված ուսումնական հաստատություն չկա, որտեղ կարելի է սովորել բոլոր անհրաժեշտ հմտությունները», - նշեց նա։
Ժենյան խոսել է նաև հայ աղջիկների նախասիրությունների, հարսանեկան զգեստներ կարելու առանձնահատկությունների մասին, ներկայացրել մի քանի մասնագիտական «խորամանկություն»։