ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահ է` Թուրքիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ բան է, որ այդ երկրի ներկայիս կառավարություն չի ճանաչում սեփական երկրի դատարանների նախկինում կայացրած ակտերը։ Դանիելյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, որ հայ ժողովուրդը մշտապես պնդում է, թե ինչու Թուրքիան չի ճանաչում 20-րդ դարի առաջին ոճրագործությունը։
«Այսօրվա Թուրքիան հերքում է, բայց 1919-1921 թթ. թուրքական դատարանները 74 դատական ակտ են կայացրել։ Դրանցով քրեական պատասխանատվություն են սահմանել կուսակցական և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կազմակերպված իրականացրել են հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումները։ Հաճախ հիշում ենք Սողոմոն Թեհլիրյանին, ասում, որ գուցե նա արդարացվեց, որովհետև աֆեկտի վիճակում է եղել։ Ո՛չ, արդարացվեց, որովհետև թուրքական դատարաններն արդեն մահապատժի էին դատապարտել Թալեաթին։ Միշտ ասում ենք` Թուրքիան ինչու չի ճանաչում, ախր Թուրքիան արդեն ճանաչել է։ Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ճանաչում, բայց ոչ թե Հայոց ցեղասպանությունը, այլ իր դատարանների կայացրած որոշումները»,– նշեց Դանիելյանը։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում իշխանություն է փոխվել, որն էլ փորձել է ավելի ազատ լինել նախկին իշխանությունների կատարած հանցանքներից։ Նոր ղեկավարությունը թույլ է տվել, որ դատավորներն անկաշկանդ լինեն, և հենց այդ ժամանակներում էլ բացահայտվել են Հայոց ցեղասպանության ոճրագործությունները։
Ըստ նախկին նախարարի` եթե իրենք դա չանեին, ապա դա կարվեր միջազգային դատական ատյանների միջոցով, այսինքն` այնքան խելամիտ են գտնվել, որ իրենք են նախաձեռնել։
«Բոլոր այն դատավորները, որոնք նման դատական ակտեր են ներկայացրել, 1930-1931 թթ. գլխատվել են։ Հետաքրքիրն այն է, որ այդ դատական ակտերն ուժի մեջ են, դրանք չեն բեկանվել»,– ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։