Շենքը դիտավորյալ են վնասել. Հեքեքյանն ու փաստաբանը չեն հավատում քննչական մարմիններին

Տիգրան Հեքեքյան
Տիգրան Հեքեքյանը և փաստաբան պնդում են, որ Արամի 23 հասցեում գտնվող շենքը ամբողջական փլուզման վտանգի առջև է, իսկ գործը միտումնավոր է ձգձվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Շուրջ 5 տարի է` ընթանում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան–շենքի գործով քննությունը, որն առաջին իսկ օրվանից միտումնավոր ձգձգվել է քննչական մարմինների կողմից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը և փաստաբան Արթուր Մանուկյանը։
Ասոցիացիային պատկանող հուշարձան–շենքը վտանգվել և մասնակի փլուզվել էր 2017 թվականին տարածքում շինարարական աշխատանքների հետևանքով։ Օրերս դատախազությունը հայտարարեց, որ այդ գործով Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ շենքը վնասվել է անզգուշության հետևանքով, քրեական վարույթը ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Դատախազության որոշումը չի գոհացրել ասոցիացիայի նախագահին, քանի որ, ըստ նրա, գործն իր բոլոր դետալներով չպարզված է ուղարկվել դատարան։
«Հոկտեմբերին կլրանա հինգ տարին, ինչ ընթանում է քրեական գործը։ Երկու քննիչ փոխելով` գործը հասավ Խաչիկ Գալստյանին, որը ակնհայտ ձևով ձգձգում էր գործը, այնպես որ բոլոր ժամկետներն անցան, և նրանք, ովքեր պետք է դատական կարգով ճանաչվեն մեղավորներ, պատիժ չեն կրելու, որովհետև լրացել կամ կլրանա քրեական պատասխնատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։ Ուրիշ բան է, որ փորձելու են իրենցից հատուցում պահանջել։ Մեզ հիմա դրդում են, որ հետո էլ տեղափոխվենք քաղաքացիական դատարան և պահանջենք վնասի հատուցում»,–ասաց Հեքեքյանը։
Նրա խոսքով` քննչական գործողությունների ընթացքում հավուր պատշաճի ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Մասնավորապես Արամի 23 հասցեում կառուցապատում իրականացնող ընկերությունների շինթույլտվության մեջ եղել է 2 հարկ փորելը, սակայն նրանք փորձել են 3 հարկ փորել` այդպիսով հարակից շենքը փլուզման վտանգի եզրին հասցնելով։
«Փաստորեն ճչացող առկա փաստերն այն մասին, որ տեղի է ունեցել դիտավորություն, դատախազությունը չի ցանկանում տեսնել»,– ընդգծեց Հեքեքյանը։
Նա հիշեցրեց, որ հարցի վերաբերյալ հետաքրքվածություն է ցուցաբերել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականի աշնանը արդեն բարձրացված մեծ աղմուկից հետո հրահանգ էր տվել վերականգնել շենքը, սակայն առ այսօր շենքը վերականգնված չէ և կանգնած է ամբողջական փլուզման վտանգի առջև։
Ասոցիացիայի նախագահը մեծ հույսեր չունի դատարանից` հաշվի առնելով ներկա իրավիճակում դատարանների ծանրաբեռնվածությունը և գործի բարդ լինելը։

«Ամեն ինչ գցում են դատարանների վրա, իսկ դա տարիներ կտևի։ Փոխարենը քննիչը կամ հաշվարկող այլ օղակներ իրենց գործը պատշաճ անեն և գործը նորմալ հանձնեն դատավորին, վերջինիս փակուղու առաջ են դնելու, որովհետև պետք է նորից փորձագետ կանչեն, լսեն և այլն։ Եթե տանը մեկը մեխ է մեխում պատին, քաղաքապետարանից, թաղապետարանից գալիս, հարցնում են` թույլտվություն ունե՞ս քո տանը մեխ մեխելու։ Իսկ 5 տարի է` Տերյան փողոցի երակը փակել են, ապօրինի երեք հարկ են կառուցել, և որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Հետո՞ ինչ, որ քրգործ է հարուցվել»,–նշեց նա։

Հեքեքյանի խոսքով` հինգ տարի շարունակ ձգձգվող հարցը առաջ չէր գնա, եթե իրենք փաստաբան չներգրավեին։
Իսկ փաստաբան Արթուր Մանուկյանն ընդգծեց, որ քննության ընթացքում առկա են եղել բազմաթիվ ապօրինություններ։
«Նախաքննությունը տևել է չափազանց երկար, չարդարացված երկար նման բնույթի և ծավալի քրեական վարույթի համար, որը միայն ձեռնտու է եղել ենթադրյալ հանցանք կատարած անձանց։ Մեր կարծիքով` քննիչ Խաչիկ Գալստյանը դիտավորյալ ձգձգել է նախաքննությունը» Այստեղ միտում ենք տեսնում և ուղղորդված մոտեցում քննչական մարմնի և դատախազության կողմից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գործով մեղադրյալներին, փաստաբանը հայտնեց, որ գործով երեք մեղադրյալներից մեկի` «Օլդ սիթի» ՍՊԸ–ի նախկին գլխավոր տնօրեն Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը օրեր առաջ դադարեցվել է, ինչը, նրանց գնահատմամբ, բացահայտ ապօրինի է, և իրենք պատրաստվում են վիճարկել դատարանում։
Փաստաբանն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է նկատում նաև այդ տարածքի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ, ինչպես նաև նախկին ճարտարապետ Բարսեղյանի, որը, ըստ նրա, ակնհայտ պաշտոնեական լիազորությունների չարաշահում է թույլ տվել։
«Պնդում ենք, որ Արամի 23 շենքը ոչ թե անզգուշությամբ է վնասվել, այլ դիտավորյալ, որպեսզի հեշտ ու անխոչընդոտ իրացվի։ Քանի որ այդ շենքի կողքը փոս փորելը մահվան դատավճիռ էր հուշարձան–շենքի համար։ Մենք հստակ միտում ենք տեսել։ Մենք փաստարկված վերլուծություններ ենք ներկայացրել քննչական մարմիններին, խնդրել ենք պարզել բոլոր իրադարձությունները, բոլոր մեղավոր անձանց, սակայն մեր միջնորդությունների մեծ մասը մերժվել է։ Ակնհայտ է դարձել` ո՛չ քննչական, ո՛չ դատախազությունը չեն փորձում իրական օբյեկտիվ քննություն իրականացնել, կարծես թե մեղավորներ են նշանակվել միջին օղակի անձինք, իսկ ավելի բարձր օղակի նկատմամբ փաստացի քննություն չի կատարվել»,– ասաց Մանուկյանը։
Փաստաբանը հավելեց, որ նախաքննության ընթացքում «Օլդ սիթի» ընկերությունը որոշակի փոխհատուցում է արել ասոցիացիային` պատճառված վնասի 50-60 տոկոսի չափով, որը քննչական մարմնի և դատախազության միակ ձեռքբերումն է այս քրեական գործով։