ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան»,–գրում է թերթը:
Ինչպես հայտնի է, 2020թ. Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպեցին:
Թերթը գրում է, որ Բադոյանը միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։