Եմենի մայրաքաղաքում հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել

Նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։
Sputnik
Եմենի մայրաքաղաք Սանայում (վերահսկվում է «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման կողմից) հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Մայրաքաղաքի արևելքում` Բաբ Էլ Յաման շրջանի դպրոցում, օգնության բաշխման կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել, որոնց թվում երեխաներ կան, ևս 120 մարդ էլ վնասվածքներ է ստացել»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի. տուժածներից 20–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Տեղի գործարարները հայտարարել են, որ սուրբ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ օգնություն են բաժանելու (մեկ անձի համար`մոտ 9 դոլար)։ Գումարը ստանալու համար նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց և քաղաքի այլ կլինիկաներ: Նա նշել է, որ գործարարները ամեն շաբաթ նույն տեղում օգնություն են բաժանում կարիքավորներին, և սա առաջին դեպքն է, որ նման ավարտ է ունենում։
Հուսիթների ստեղծած բարձրագույն քաղաքական խորհրդի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշատը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հանձնարարել է հանձնաժողով ստեղծել տեղի ունեցածը հետաքննելու համար: Նա նաև ընդգծել է անհրաժեշտ միջոցների ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար: