ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսի հետ քննարկել է հացահատիկային գործարքի իրականացումը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Քննարկվել է ստամբուլյան փաթեթային համաձայնագրերի իրականացման ընթացքը, որոնք կոչված են նպաստելու գլոբալ պարենային անվտանգության ապահովմանը և Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին օգնություն տրամադրելուն։ Հաշվի առնելով Մարտին Գրիֆիթսի վերահսկողական դերը` հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական պարենի արտահանման «Սևծովյան նախաձեռնությանը»՝ շեշտը դնելով «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերականգնման խնդրի վրա», - ասված է նախարարության կայքում:
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտադրելովհրատապ հումանիտար խնդիրների լուծումը, նախևառաջ փետրվարի սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարումը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։