ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով` վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով):
«Իրականացվում է քննություն, այս պահին պարզվել է, որ քանդման աշխատանքներն իրականացվել են անհատ ձեռներեցի կողմի` «Երևանի ալրաղաց» ԲԲԸ հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով։ Նշանակված է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննություններ են իրականացվել, անհրաժեշտ փաստաթղթեր են վերցվել»,- նշեց Աբրահամյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ հաղորդման` քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։ Գույքի սեփականատերն էական վնասներ է կրել։ Քրեական վարույթը նաև այս հանգամանքից ելնելով է նախաձեռնվել։
Աբրահամյանը հստակեցրեց, որ քննության հիմնական առարկաներից են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների, ժամկետների պահպանվածության հարցի պարզումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։