Արագածոտնի գինիները կարտահանվեն եվրոպական մի շարք երկրներ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզ է այցելել։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզ է այցելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել Արագածոտնի գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ: Այս մասին զեկուցվել է Արագածոտն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանին ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է 431 մլն դրամին համարժեք սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար, կնքվել է ավելի քան 2200 պայմանագիր:
Վարչապետին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է:
Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն ունենալն է. Փաշինյան
Մոտ 3.3 մլրդ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը:
Փաշինյանն իր հերթին նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքը, լինի դա մանկապարտեզ, դպրոց, թե այլ հաստատություն, շինարարությանը զուգահեռ, պետք է ապահովված լինի անհրաժեշտ նոր գույքով: