Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել

ՔԿՀ
«Օրենքով գողը» տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանում «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը։
Ավելի վաղ` 2022 թվականի հոկտեմբերի 17-ին, վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը` ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով 10 մլն դրամի չափով գրավ, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքը:
«Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը` գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը և Հայաստանից բացակայելու արգելքը արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արդյունքում բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, և «օրենքով գողի» նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ըստ որոշ ԶԼՄ–ների` խոսքը «Շահումյանցի Ժիրո» մականունով Ժիրայր Բրուտյանի մասին է։
«Օրենքով գողի» ցուցումով ՀՀ–ի տարբեր ՔԿՀ–ներում որպես «գրեֆ» 1,5 մլն դրամ է հավաքվել