«Եթե ինձ հետ մի բան պատահի, թող վիշտը չուղեկցի քեզ մինչև կյանքիդ վերջը։ Բոլորս էլ մահկանացու ենք և ոչնչից երաշխավորված չենք։ Ուղղակի պահպանիր և սիրիր մեր աղջիկներին այնպես, ինչպես ես եմ նրանց սիրում»։ Սա մի հատված է այն գրությունից, որը Յուրի Գագարինը հասցեագրել էր իր կնոջը՝ տիեզերք թռչելուց առաջ։ Այն ժամանակ աշխարհի առաջին տիեզերագնացն ուղեծրից անվնաս վերադարձավ։ Նա զոհվեց ուղիղ 55 տարի առաջ՝ 1968 թվականի մարտի վերջին։ Գագարինի մահը մինչև հիմա անհայտության քողով է պատված։
Ինչ ասես ասում են։ Իբր չի էլ մահացել, այլմոլորակայիններն են տարել նրան։ Իբր Խորհրդային Միության Գերագույն Խորհրդի պատգամավոր դառնալուց հետո փորձում էր անձամբ հանդիպել Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հետ և հայտնել նրան, որ երկրի հասարակ քաղաքացու կյանքը բոլորովին նման չէ այն վարդագույն պատկերին, որն առաջնորդին ներկայացնում էր նրա շրջապատը։ Դրա համար էլ ԿաԳեԲե-ն կազմակերպեց Գագարինի սպանությունը։ Ոմանք էլ հավատում էին, թե ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն էր վերացրել Գագարինին՝ տեղեկություններ ստանալով, որ Սովետը պատրաստվում է տիեզերագնաց ուղարկել նաև Լուսին, և այդ տիեզերագնացը հենց Գագարինն է։
Մի ժամանակ նույնիսկ վարկած էր շրջանառվում, թե գործընկերները նախանձից դրդված ինչ-որ բան էին փչացրել այն ինքնաթիռում, որով նա կատարեց իր վերջին թռիչքը։
Նման վարկածների բազմազանությունը միանգամայն բացատրելի է, կարծիք է հայտնում հոգեբան Իննա Վորոնովան՝ մանրամասնելով. «Շատերն են տարվում դավադրության տեսություններով և անվերապահորեն հավատում, որ ամեն ինչում մեղավոր են այլմոլորակայինները, իշխանությունները, պետը, ծնողները։ Դա հոգեբանական պաշտպանություն է»։ Մասնագետի հետ դժվար է չհամաձայնել՝ չէ՞ որ գրեթե ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ մեծ հաճույքով ընդունում այս կամ այն քաղաքական գործչի հրամցրած պարզունակ, մանիպուլյատիվ գաղափարներն ու հիմնավորումները։ Էդպես ավելի հեշտ է։
Իսկ իրականությունը սա է։ Մարտի 27-ին ուսումնավարժական թռիչք իրականացնելու համար ՄԻԳ-15 ռազմական ինքնաթիռով օդ են բարձրանում Յուրի Գագարինը և հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։ Որոշ ժամանակ անց Գագարինը զեկուցում է, թե կատարել են առաջադրանքը և պատրաստվում են վերադառնալ։ Սրանք Գագարինի վերջին բառերն էին, կապը անձնակազմի հետ կտրվում է, իսկ մեկ րոպե անց Վլադիմիրի մարզի Նովոսյոլովո գյուղի բնակիչները տեսնում են մի ռազմական օդանավ, որը սուրալով նրանց գլխավերևում և կտրելով կեչիների վերևի ճյուղերը՝ ընկնում է անտառում։ Անմիջապես սկսվում են որոնողական աշխատանքները։ Սկզբում հայտնաբերվում են Սերյոգինի մարմնի մասերը, և հույս է առաջանում՝ առաջին տիեզերագնացը հասցրել է դուրս թռչել կատապուլտի օգնությամբ և վայրէջք կատարել պարաշյուտով։ Բայց քիչ անց հայտնաբերվում են նաև Գագարինի մարմնի մասերը։
Սկսվում է հետաքննությունը։ Ուսումնասիրվում են բոլոր քիչ թե շատ հավանական պատճառները։ Առաջին. երկու օդաչուներն էլ թռիչքից առաջ մի-մի բաժակ օղի են խմել կամ չգիտես ինչու՝ խուճապի մատնվել և կորցրել կառավարումը։ Ավիացիայի գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Ստեփան Միկոյանը վկայում է. «Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու օդաչուներից որևէ մեկի արյան մեջ ալկոհոլ չի եղել։ Չի եղել նաև ադրենալին, ինչն ապացուցում է, որ նրանցից ոչ մեկը անսպասելի վախի զգացում չի ունեցել»։
Երկրորդ. ինքնաթիռի խցիկը պատահաբար բացվել է, և ճնշման կտրուկ տատանման հետևանքով օդաչուներն ուշագնաց են եղել։ Կրկին լսենք գեներալ Միկոյանին. «Ես բազմիցս եմ թռիչքներ կատարել ՄԻԳ-15-ով։ Նման բան երբեք չի եղել և չէր էլ կարող լինել։ Դա պարզապես անհեթեթություն է»։ Երրորդ. այդ նույն հատվածում, որով անցնում էր Գագարինի ինքնաթիռը, թռիչք էր կատարում մեկ այլ օդանավ, որի առաջացրած օդային հոսանքն էլ ողբերգության պատճառ է դարձել։ Այս վարկածն առաջ է քաշել այն մարդը, որն առաջինն է դուրս եկել բաց տիեզերք՝ Ալեքսեյ Լեոնովը։ Բայց մասնագետները փաստում են՝ այո′, այդ օդային տարածքում իրոք ՍՈւ-15 ինքնաթիռ էր թռիչքներ իրականացնում, բայց մինչ Գագարինի և Սերյոգինի օդ բարձրանալն այդ երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել։
Մի խոսքով, Գագարինի մահվան առեղծվածը մինչ այսօր էլ բացահայտված չէ, և ուրեմն մնում է համաձայնել գեներալ Միկոյանի կարծիքին. «Այդ տեսակի ինքնաթիռները վաղուց արդեն չեն օգտագործվում։ Եվ եթե այնուամենայնիվ հրաշք տեղի ունենա ու բացահայտվի իրական պատճառը, դա բացարձակ ոչինչ չի փոխի, ոչ մեկի ցավը չի ամոքի»։