«Բարև, ախպերս, ո՞նց ես». Հայաստան ուսանելու են գալիս նույնիսկ Գանայից ու Սիերա Լեոնեից

Ֆավորը, Դեյվիդը, Քուինն ու Էմանուելլան
Աշխարհի տարբեր կողմերից հարյուրավոր երիտասարդներ Հայաստան են գալիս՝ կրթություն ստանալու։ Այսպես ասած՝ ավանդական երկրների ցանկում, ինչպիսին, օրինակ, Հնդկաստանն է, նորերն են ավելացել, այդ թվում՝ աֆրիկյան երկրներ։
Sputnik
Սիերա Լեոնե, Նիգերիա, Գանա, Իրաք, Իրան և այսպես մոտ 10-ը երկրներ «հանդիպեցին» Հայաստանում։ Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ երիտասարդներ հիմա մեր երկրում են բարձրագույն կրթություն ստանում։ «Եվրասիա» միջազգային համալսարանում այս պահին հարյուրից ավելի օտարերկրացի ուսանողներ են սովորում տարբեր մասնագիտություններով՝ դեղագործությունից մինչև իրավաբանություն։

Իմ կյանքում առաջին ձյունը տեսա

Արևմտաաֆրիկյան Սիերա Լեոնեից Բենջամինը Հայաստան եկավ նախորդ տարվա սեպտեմբերին՝ ընկերների խորհրդով, որոնք արդեն այստեղ էին։ Ասում է՝ ծնողներն էլ էին կողմ, որովհետև որդու համար միջազգային կրթություն էին ցանկանում, միևնույն ժամանակ ուսման վարձավճարն էլ էր կարևոր։ Եվրոպական երկրների համեմատությամբ այստեղ և՛ կրթությունն է մատչելի, և՛ ապրելը։
Բենջամինը Սիերա Լեոնեից
«Իմ երկրում տարվա երեք եղանակ կա՝ անձրևային, արևոտ և քամոտ։ Սկզբում շատ տարօրինակ էր այստեղի ցուրտը, անգամ՝ վախեցնող։ Իմ կյանքում առաջին ձյունը տեսա, յուրահատուկ փորձառություն էր»,- պատմում է Բենջամինը, որը հիմա իրավաբանական ֆակուլտետի նախապատրաստական կուրսում է։
Մինչև գալն ուսումնասիրել է, թե Հայաստանն ինչպիսի երկիր է։ Դեռ հայկական հողի վրա ոտք չդրած՝ արդեն գիտեր, որ մեզ մոտ ամենալավ գինին է։ Սա շատ կարևոր ու խորհրդանշական ուղևորություն է Բենջամինի համար նաև հոգևոր իմաստով։
«Ես քրիստոնյա եմ, գիտեմ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ պետականորեն քրիստոնեություն է ընդունել։ Հիմա էլ այստեղ հաճախ եկեղեցիներ եմ այցելում, սա կարևոր է ինձ համար»։
Նաև խոհանոցային բացահայտումներ է փոքր քայլերով անում։
««Պեռաշկի», շաուրմա, տոլմա, խաշ․․․»,- հերթով թվարկում է ու ավելացնում՝ խաշի հետ այնքան էլ լեզու չգտավ, ստամոքսը մի քանի օր ցավում էր։
Թեպետ դեռ մի քանի ամիս է՝ այստեղ է, բայց հասցրել էհայաստանցիներիս էլ է շատ սիրել։ Ասում է՝ բարեհամբույր են, օգնող, սիրալիր։
«Հայաստանն արդեն երկրորդ տուն է դարձել, մարդիկ էլ՝ հարազատ։ Ինձ ասում են՝ բարև, ախպերս, ո՞նց ես»,- ծիծաղելով ասում է Բենջամինն ու հավելում՝ դեռ մեծ հաջողություններ չի գրանցել, բայց հայերեն սովորում է։ Վստահ է՝ մինչև ուսման ավարտն արդեն ինքնուրույն հայերենով է շփվելու։

Ամենաշատը ձմերուկն ենք կարոտում

Դեյվիդը ծրագրավորում, իսկ Էմանուելլան, Քուինն ու Ֆավորը դեղագործություն են սովորում։ Դեյվիդն արդեն մեր երկրում աշխատանք է գտել, աղջիկները դեռ փնտրում են։ Դեյվիդն այնքան է Հայաստանի մասին պատմել, որ մայրիկը ցանկանում է գալ ու տեսնել այն երկիրը, որն այդպես գերել է իր որդուն։
Նիգերիայից եկած ուսանողները
Չորսն էլ Նիգերիայից են, միմյանց ճանաչում էին դեռ մինչև Հայաստան գալը, սակայն տնից ու ընտանիքից հեռու ապրելն իսկական ընկերներ դարձրեց։ Արդեն երեք ամիս է՝ միասին սովորում են նախապատրաստական ֆակուլտետում, միասին հաղթահարում դժվարություններն ու կիսում ուրախ պահերը։ Ամենամեծ դժվարությունն ընտանիքից հեռու լինելն է։
«Շատ դժվար է, բայց ամբողջ կյանքում չենք կարող ընտանիքի կողքին լինել։ Լավ է, որ այս առաջին փորձառությունը Հայաստանի նման լավ, խաղաղ, սիրալիր երկրում է»,- ասում է Ֆավորը։
Խոսելով մեր երկրին հարմարվելու դժվարությունների մասին՝ չորսով միանգամից եղանակն են մատնանշում։ Կյանքում նման ցուրտ չէին զգացել։
«Ես կարդացել էի, որ ձմռանը Հայաստանում ցուրտ է, բայց չէի հասկացել, թե որքան ցուրտ։ Թեթև վերնազգեստով էի, օդանավից դուրս եկա ու․․․ Աստված իմ, ես սառչում եմ․․․»,- պատմում է Էմանուելլան։
Նրան միանգամից ընկերներն են շարունակում.
«Երեք ժակետ, բաճկոն ենք հագնում իրար վրա»։
1 / 8

Յուսուֆը

2 / 8

Ալին

3 / 8

Բենջամինը

4 / 8

Ալին ցույց է տալիս խաշլամայի լուսանկարը

5 / 8

Քուինը Նիգերիայից

6 / 8

Դեյվիդը

7 / 8

Էմանուելլան

8 / 8

Ֆավորը

«Չենք կարող տնից դուրս գալ կարճ տաբատներով»։
«Պատուհանից նայում ես՝ արև է, մեկ էլ անձրև կամ ձյուն»։
Դժվարությունների շարքում խոհանոցն էլ չեն մոռանում, կարոտում են մայրիկի եփած կերակուրները, նաև մրգերը։ Ամենաշատը ձմերուկն են կարոտել։ Չորսի աչքերը միանգամից փայլում է, երբ ասում ենք՝ Հայաստանում էլ ձմերուկ կա, պարզապես դեռ սեզոնը չէ։
Հեշտ չէ նաև լեզվի հարցում․ հայերենն իրենց իմացած ոչ մի լեզվի նման չէ։ Ասում են՝ Հայաստան գալը նաև շատ լավ հնարավորություն էր միանգամից երկու նոր լեզու սովորելու համար՝ հայերեն և ռուսերեն։ Սկսել են հայերենից։
«Բարև ձեզ, շնորհակալություն, նախապատրաստական, ոնց ես, քիչ-քիչ, ես սովորում եմ համալսարանում․․․»,- իրար հերթ չտալով չորսով շտապում են արդեն սովորած բառերն արտասանել։
Նիգերիայից եկած Ֆավորը
«Խանութում ասում եմ՝ բարև ձեզ, միանգամից ինձ պատասխանում են ու սկսում հայերենով հարցեր տալ։ Դեռ չեմ կողմնորոշվել՝ ճիշտը հայերենով բարևելն է, թե ոչ․․․»,- կատակում է Ֆավորը։
Պայմանավորվում ենք՝ հաջորդ հարցազրույցն արդեն ամբողջովին հայերենով ենք անցկացնելու։

Ոչ մի անգամ չենք զգացել, թե ոչ խաղաղ կամ ոչ ապահով երկրում ենք

Ալին ու Յուսուֆն Իրաքից են, արդեն բակալավրիատի երրորդ կուրսում են սովորում, ապագա դեղագործներ են։
«Շատ երկրներ կային, որ կարող էի գնալ, օրինակ՝ Վրաստան, Եգիպտոս և այլն, բայց ես Հայաստանն ընտրեցի մի քանի պատճառով։ Ուզում էի, որ կյանքումս շատ մեծ փոփոխություն լիներ, լրիվ նոր, տարբերվող միջավայրում լինեի, միաժամանակ՝ կարողանայի լավ կրթություն ստանալ»,- ասում է Ալին։
Ալին ու Յուսուֆն Իրաքից են
Նշում է՝ սկզբում լեզվական խնդիրներ կային, բայց այս տարիների ընթացքում կարողացել է հայերեն սովորել, հայ ընկերներ ձեռքբերել, որոնց հետ խոսում է հայերեն, ուստի իրեն մեր երկրում ավելի հարմարավետ է զգում։ Հենց խոհանոցի մասին ենք խոսում, Ալին շտապում է հեռախոսում պահված խաշլամայի լուսանկարը ցույց տալ։ Ասում է՝ իրականում մսակեր չէր, բայց երբ Հայաստանում խաշլաման փորձեց, իր «մեծ սերը» դարձավ։
«Ես շատ կցանկանայի մնալ այստեղ՝ Հայաստանում, շատ սիրուն, խաղաղ երկիր է։ Ինձ այստեղ իսկապես լավ եմ զգում, օտար չեմ։ Բայց ես Իրաքյան Քուրդիստանից եմ, իմ երկրում, գիտեք, խնդիրներ կան, ուստի ես ուզում եմ այստեղ ձեռքբերած գիտելիքներով վերադառնալ իմ ծննդավայր, որ օգնեմ այն զարգացնել, փոփոխություններ բերել»,- նշում է Յուսուֆը։
Իրաքը տարիներ շարունակ պատերազմական պայմաններում է ապրել, ուստի թե ինչ է նշանակում ապրել ոչ խաղաղ երկրում, լավ գիտեն։ Բայց Հայաստանում այս տարիների ընթացքում ապրելիս ոչ մի անգամ զգացողություն չեն ունեցել, թե ոչ խաղաղ կամ ոչ ապահով երկրում են։
«Վերջերս մեր հայ ընկերներից մեկին բանակ էինք ճանապարհում։ Ինչպես ընդունված է՝ մեծ խնջույք էր կազմակերպվել, ինքն ուրախ էր, բոլորս ուրախ էինք»,- նշում է Ալին։
Փարիսան
Փարիսան էլ հարևան Իրանից է, աշխատում էր Թեհրանում որպես մենեջեր, բավականին հաջողակ էր իր գործում։ Ինչ-որ մի պահ հասկացավ՝ ունեցածն իրեն չի բավարարում, ուզում է կատարելագործել հմտությունները, նորից սովորել։ Որոշեց մագիստրատուրա դիմել, արդեն 5 ամիս է՝ Հայաստանում է, մենեջմենթ է սովորում, միաժամանակ աշխատում է մեր երկրում, հաջորդ կրթական տարին էլ Թուրինում է անցկացնելու։
«Գնալու եմ Իտալիա, բայց անպայման Հայաստան եմ վերադառնալու, որովհետև բիզնես- ծրագրեր ունեմ։ Մեր երկրներին հազարամյակների պատմություն է կապում, ես էլ որոշել եմ ևս մեկ կապ ստեղծել»,- ժպտում է Փարիսան։
Վստահ է՝ մեր երկու երկրներն արժանի են, որ կարող, նորարար ուժերն արտերկրում կրթություն ստանալուց հետո վերադառնան՝ զարգանալու նոր հնարավորություններ ու ծրագրեր ստեղծելու համար։