ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի մասնավոր քրիստոնեական տարրական դպրոցում մի աղջիկ կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Մահացել է 9 տարեկան 3 աշակերտ և 3 մեծահասակ։ Բոլորն արդեն նույնականացված են։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։
Կրակոցներ արձակած անձն ունեցել է դպրոցի քարտեզները, նա նաև գրառումներ է արել և ուսումնասիրել է նաև հարձակման 2-րդ հնարավոր վայրը։ Ոստիկանությունը պարզել է, որ կրակողը դպրոցի նախկին աշակերտներից է` 28-ամյա Օդրի Հեյլը, որը նպատակային է իրականացրել հարձակումը։ Իրավապահները գնդակահարել են Օդրիին հենց հարձակման ժամանակ։
Աղջիկը զինված է եղել 3 տեսակի հրազենով, ներխուժել է դպրոց` կրակելով առաջին և երկրորդ հարկերում։ Կրակոցները սկսել են մոտավորապես 10։13-ին (տեղի ժամանակով), իսկ հարձակվողը սպանվել է 10։27։ Ամբողջ ընթացքում նա կրակոցներ է արձակել։
Նեշվիլի ոստիկանությունը նաև հայտնել է, որ սկզբում Օդրիին ներկայացրել են որպես աղջիկ, ապա պարզել են, որ նա տրանսգենդեր է և մամուլի խոսնակ Դոն Աարոնն ասել է, որ Օդրին սոցիալական մեդիայի իր էջում օգտագործել է «արական դերանուններ»։
Անցյալ տարի Օդրին ավարտել է Նեշվիլի Նոսսի արվեստի և դիզայնի քոլեջը, իսկ LinkedIn–ի իր էջում նշված է, որ նա աշխատել է որպես ազատ գրաֆիկ դիզայներ և կես դրույքով ապրանքների վաճառքով զբաղվել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մամուլի ասուլիսում տեղի ունեցածն անվանել է «զզվելի և սրտաճմլիկ»։ Նա նաև կոչ է արել Կոնգրեսին հետագա միջոցներ ձեռնարկել զենքի անվտանգության օրենսդրության վերաբերյալ։