Փորձել են իշխանի ձկնկիթի փոխարեն այլ արտադրանք արտահանել. ՊԵԿ–ը կանխել է

Ձկնկիթ արտահանող կազմակերպության սեփականատերը հայտարարագրել է, որ պատրաստվում է արտահանել 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիար։
Sputnik
ՀՀ-ում գործող կազմակերպության սեփականատերը ցանկացել է Հայաստանից Ռուսաստան սիգ ձկնատեսակի ձկնկիթ արտահանել ապրանքը ոչ իր անվանումով հայտարարագրելու եղանակով, սակայն ՊԵԿ–ը կանխել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել ՀՀ-ից ՌԴ արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը սիգ ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ է։
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության հայտարարագրած ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918 կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։
Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել իշխան ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն` սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք։
Իրանից ՀՀ ներմուծվող սպիտակ ցեմենտի անվան տակ այլ բեռ է հայտնաբերվել. ՊԵԿ