Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում բացահայտվել է կապարակնիքների միտումնավոր խախտման դեպք. Իրանից ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, ՀՀ է ներմուծել սպիտակ ցեմենտ, սակայն ստուգումների արդյունքում բոլորովին այլ բեռ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները, և բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին` ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության «Ալյանս-տերմինալ»
«Կատարվել է բեռնատարի տեսազննում, ինչի արդյունքում, հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի և կցորդի վրա ՀՀ մաքսային մարմինների կողմից տեղադրված 2 ապահովման միջոցների միտումնավոր խախտման դեպք` կապարակնիքները հեռացնելու նպատակով կտրել են մետաղալարերը, այնուհետև արարքը քողարկելու նպատակով մետաղալարերը սոսնձի միջոցով կրկին ամրացրել են կապարակնիքներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղում կիրառվել է նաև տեխնիկական միջոց` ռենտգեն սարք, և պարզվել է՝ ավտոմեքենայի բեռն ամբողջությամբ փոխարինվել է այլ բեռով:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն` մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 306-րդ, 307-րդ և 308-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածները ենթադրում են կապարակնիքների խախտում, առանց մաքսային մարմինների թույլտվության բեռների բեռնաթափման ու բարձման գործողություն և բեռների օտարում:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար: