Բադասյանին ժամանակ են տվել, որպեսզի շտկի իրավիճակը. «Ժողովուրդ»

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը. Արխիվային լուսանկար
Չի բացառվում, որ ՊԵԿ նախագահին էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:
Թերթը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել և 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
«Ի դեպ, այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, և առայժմ նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ նաև զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ»,–գրում է թերթը:
«Ժողովրդի» տվյալներով` չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն: